Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Առաջին օգնությունը վնասվածքների դեպքում

Առաջին օգնությունը վնասվածքների դեպքում

Տուժածին արագ օգնություն ցուցաբերելու դեպքում մեծ է նրա կյանքը փրկելու հավանականությունը, սակայն փոքր չէ նաև վնասելունը: 

Հուսով ենք, որ այս հոդվածը կօգնի տուԺածին առաջին օգնություն ցույց տալու գործում ճիշտ կողմնորոշվելուն:

 

Վնասվածք` տրավմա առաջանում է օրգանիզմի վրա արտաքին ազդակների ակնթարթային և չափազանց ուժգին ազդեցության ժամանակ, որը դառնում է օրգանների և հյուսվածքների անատոմիական ամբողջականության ու ֆիզիոլոգիական ֆունկցիաների խաթարման պատճառ:

 

Վնասվածքների առաջացման բնույթի ու պայմանների, միջավայրի ուսումնասիրությունն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս ոչ միայն պարզել դրանց առաջացման հիմնական պատճառը, այլև կանխարգելիչ միջոցառումներ մշակել:

 

Վնասվածքները ըստ բնույթի լինում են ոչ արտադրական` տրանսպորտային, կենցաղային, սպորտային, և արտադրական` արդյունաբերական, գյուղատնտեսական և այլն:

 

Վնասվածքները լինում են բաց և փակ: Բացի դեպքում խախտվում է մարմնի արտաքին ծածկույթի ամբողջականությունը, իսկ փակի ժամանակ` մաշկի և լորձաթաղանթների ամբողջականությունը չի խախտվում:

 

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել, որ դժբախտ պատահարները տեղի են ունենում հանկարծակի: Անկախ տեղից և իրավիճակից, առաջին հերթին պետք է վերացնել վնասվածք առաջացնող ազդակի ներգործությունը, արյունահոսությունը դադարեցնել, վիրակապ դնել, կատարել տրանսպորտային անշարժացում, ցավազրկող միջոցներ ներարկել, որոնք կարգավորում են շնչառական և սրտանոթային համակարգերի գործունեությունը: Այնուհետև անհրաժեշտ է տուժածին տեղափոխել հիվանդանոց:

 

   

 

Գոյություն ունի արյունահոսության մի քանի տեսակ` զարկերակային, երակային, մազանոթային և պարենխիմային:

 

Զարկերակային արյունահոսությունը վտանգավոր է, քանի որ արյունը զարկերակից դուրս է մղվում ուժեղ շիթով, և, բնականաբար, կորուստը մեծ է լինում: Հատկանշական է, որ ցայտող արյունը վառ կարմիր գույն ունի, և հոսքը սրտի զարկերին համապատասխան ուժեղանում է: Եթե արյունահոսությունը շտապ չդադարեցվի, կարող է վտանգի ենթարկվել վնասվածք ստացածի կյանքը:

 

Երակային արյունահոսությունը սկսվում է երակների վնասման դեպքում, և քանի որ այստեղ ճնշումն ավելի ցածր է, քան զարկերակում, արյան հոսքը դանդաղ է լինում, հավասարաչափ և չընդհատվող: Երակային արյունը հասուն բալի գույն ունի: Երակային արյունահոսությունը կյանքի համար կարող է վտանգավոր լինել այն դեպքում, երբ վնասվում են խոշոր անոթները (հատկապես պարանոցի, կրծքի խոռոչի), քանի որ սիրտն ունի ներծծող հատկություն, որի ժամանակ վնասված խոշոր երակի մեջ կարող է օդ անցնել: Օդի բշտիկները առաջ շարժվելով` խցանում են սիրտը, գլխուղեղը սնող զարկերակները (օդային էմբոլիա) և ծանր բարդությունների ու հանկարծամահության պատճառ դառնում:

 

Պարենխիմային է կոչվում արյունատար անոթների շատ խիտ ցանց ունեցող հյուսվածքներից կազմված ներքին օրգանների` լյարդի, փայծաղի, երիկամների, թոքերի վնասվածքների ժամանակ առաջացող արյունահոսությունը:

 

Մանր անոթները վնասվելիս արյունահոսությունը սովորաբար ինքնուրույն դադարում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիայի` մակարդունակության շնորհիվ:

 

Խոշոր անոթների վնասման ժամանակ արյան մակարդուկներն արյան ճնշմանը չեն դիմանում, և տուժածը մեծ քանակությամբ արյուն է կորցնում: Դա բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա, խանգարվում են կենսական կարևոր օրգաններին թթվածնով և կարևոր կենսանյութերով մատակարարման, նյութափոխանակության պրոցեսները, որոնք և հաճախ մահվան պատճառ են դառնում:

 

Տուժածին առաջին օգնություն ցույց տալիս անհրաժեշտ է հաշվի առնել արյունահոսության տեսակը: Մազանոթայինն արագ դադարում է վերքի վրա սովորական վիրակապ դնելիս: Երակայինի դեպքում ցուցված է սեղմող կապը: Վերքի մակերեսին դնում են մի քանի տակ ծալած թանզիֆ, վրան` բամբակի կծիկ և ամուր փաթաթում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, մինչև ճնշող կապը պատրաստելը վերքի երկու ծայրերը սեղմում են և վերջույթին բարձր դիրք տալիս:

 

Փոքր զարկերակների արյունահոսությունը դադարեցվում է սեղմող կապով, իսկ մեծ անոթներինը արագ կարելի է կանգնեցնել վնասված զարկերակը սեղմելով, ինչպես նաև վերջույթն առավելագույն չափով ծալած վիճակում ֆիքսելով:

 

Արդյունավետ է նաև վնասված մասի վերին հատվածը ռետինե լարանով սեղմելը: Լարան չլինելու դեպքում օգտագործում են օժանդակ միջոցներ, պտուտակային կապեր: Լարանը դնում են հագուստի կամ փափուկ տակդիրի վրայից, որպեսզի մաշկը չճմլվի և չվնասվի, ապա ձգում են երկու ձեռքով, մի քանի անգամ փաթաթում վերջույթի շուրջը և ամրացնում: Այնքան են ձգում, որ արյան հոսքը դադարի: Այդ ժամանակ վերջույթը գունատվում է, իսկ թույլ ձգելու դեպքում կապտում է, և արյունահոսությունն ուժեղանում է արհեստականորեն առաջացրած երակային կանգի հետևանքով: Պտուտակային կապ դնելիս լաթը երկու անգամ վերջույթի շուրջը փաթաթում են և ձգում մինչև վերջ: Հետագա ձգումը կատարում են փայտիկով` մինչև արյունահոսությունը դադարելը:

 

Լարանն ու կապը մեկ ժամից ավելի չի կարելի թողնել: Եթե անհրաժեշտ է լինում ժամանակը երկարացնել, դրանք նախապես թուլացնում են և դնում մի փոքր ավելի վեր: Ցուրտ եղանակին վերջույթը պետք է լավ ծածկել, իսկ տուժածին հնարավորին չափ տաքացնել:

 

Մեծ քանակությամբ արյուն կորցնելու դեպքում հոսքը ժամանակավորապես դադարեցնելուց հետո հիվանդին տալիս են առատ հեղուկներ, մեջքի վրա պառկեցնում այնպես, որ գլուխը գտնվի ոտքերի մակարդակից ցած:

 

Տուժածին տեղափոխում են երկու կամ երեք հոգով: Գետնից պատգարակի վրա տեղափոխելու համար երկուսը տուժածին մոտենում են առողջ կողմից, պատգարակը դնում հակառակ կողմը: Երկուսով կանգնում են կողք-կողքի, հենվում ծնկների վրա: Վիրավորի գլխավերևում գտնվողը մի ձեռքն անցկացնում է նրա իրանի (թիակների մոտ), մյուսը` գոտկատեղի, ոտքերի մոտ գտնվողը` մի ձեռքը նստատեղի, մյուսը` սրունքների տակ: Հիվանդին գզուշորեն բարձրացնելով և պահելով հորիզոնական վիճակում, դնում են պատգարակի վրա: Որպեսզի նրանց գործողությունները համաձայնեցված լինեն, նրանցից մեկը հրահանգ է տալիս`«վերցրու»,«բարձրացրու»,«իջեցրու»: 

 

Ողնաշարի կոտրվածքի դեպքում տուժածին պատգարակի վրա են դնում որովայնի վրա պառկած վիճակում. 2-3 հոգով նրան շրջում են որովայնի վրա, այս դիրքով զգուշորեն բարձրացնում ու դնում պատգարակին:

 

Ողնաշարի պարանոցային հատվածների կոտրվածքների դեպքում վիրավորը պետք է լինի մեջքի վրա պառկած դիրքում, պարանոցի տակ դնում են գլանաձև բարձ (այն կարելի է փոխարինել հագուստով, սրբիչով): 

 

Պարանոցի առաջային մասի կամ կրծքավանդակի վնասվածք ստացածին պատգարակի վրա դնում և տեղափոխում են կիսանստած դիրքով, առաջինի ժամանակ մեջքի տակ բարձ կամ փաթաթած հագուստ դրած, վերջինի դեպքում` գլուխը դեպի կրծքավանդակը թեքած: Գլխի վնասվածքի դեպքում տուժածին տեղափոխում են մեջքի վրա պառկած դիրքով, գլուխը նախապես անշարժացնում են կամ բամբակ-թանզիֆային, կամ ռետինե փչած օղով, կամ ձեռքի տակ եղած իրերից (սրբիչ, սավան, հագուստ) պատրաստած գլանաձև բարձիկով: 

 

Ծոծրակային շրջանի վնասվածքի դեպքում տուժածին տեղափոխում են կողքի վրա պառկած դիրքով: Նման վնասվածք ունեցողները հաճախ փսխում են, ուստի այս դիրքի ժամանակ փսխած զանգվածը շնչառական ուղիներ չի անցնի, հակառակ դեպքում շնչահեղձություն կառաջանա: 

 

Արյունահոսությամբ ուղեկցվող քթի կոտրվածքների ժամանակ տուժածին տեղափոխում են կիսանստած, գլուխը հետ թեքած, ծնոտի կոտրվածքներով վիրավորներին` նստած դիրքով, գլուխը փոքր-ինչ առաջ թեքած: Եթե մարդը կորցրել է գիտակցությունը, տեղափոխում են որովայնի վրա պառկած դիրքում, ճակատի ու կրծքի տակ դնելով բարձիկներ կամ արմնկային հոդում ձեռքերը ծալած: Այդ դիրքում լեզուն հետ չի գնում, և փսխած զանգվածը շնչուղիներ չի անցնում: 

 

Կողերի և անրակի կոտրվածք ստացածին տեղափոխում են նստած, ծանր դեպքում` կիսանստած, որովայնի վնասվածքներով և կողերի ոսկրերի կոտրվածքներով վիրավորներին` մեջքի վրա պառկած և ոտքերը ծունկ-կոնքազդրային հոդերում ծալած, ազդրերը մի փոքր զատած դիրքով: Ծնկների տակ 20-30 սմ բարձրությամբ ամուր բարձ է դրվում. որովայնի, կոնքի, ազդրերի մկաններն առավելագույն չափով թուլանում են, որով կանխվում է կոտրված ոսկրերի տեղաշարժման ու ներքին օրգանների վնասման վտանգը: 

 

Ստորին վերջույթների կոտրվածքներով վիրավորներին, ինչպես նաև էլեկտրահարված ստացածներին տեղափոխում են մեջքի վրա պառկած, վերին վերջույթների կոտրվածքներով մարդկանց` նստած, թոքային արյունահոսության դեպքում` կիսանստած դիրքով: 

Հեղինակ. Սիրուշ Արզքանյան ՀՀ պետական մանկավարժական համալսարանի բժշկագիտության և արտակարգ իրավիճակների ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ